Րաֆֆի Շահբազյան և Աշոտ Թադևոսյան – ԵԿԾ կամավորներ

44165095_1938464622940767_5693501010849300480_oԵվրոպական կամավորական ծառայություն իրականացնելու հնարավորությունը մեզ տրվել է Գյումրու «Երիտասարդական Նախաձեռնությունների Կենտրոն» ՀԿ-ի կողմից, որը Գյումրիում ակտիվ գործունեություն է ծավալում երիտասարդական շարժունակության և վերջիններիս համայնքային ներգրավվածության ոլորտում։

Մենք եվրոպական կամավորական ծառայություն ենք իրականացնում Խորվաթիայի Օզալ քաղաքում, որը աշխարհի մյուս բոլոր քաղաքներից տարբերվում է յուրօրինակ բնությամբ, ամրոցով ու հիդրոէլեկտրակայանով, որը ավելի ամրոց է, քան ինքը՝ ամրոցը։ Ամրոցը բավականին ժամանակակից տեսք ունի՝ արտաքին վերանորոգմամբ և տարիների ընթացքում կորցրել է իր ամրոցային շունչը։ Ամրոցի ներքևով հոսում է Կուպա գետը, որի վրա էլ կառուցված է հիդրոէլեկտրակայանը։

Լեգենդը պատմում է, որ Հիդրոէլեկտրակայանում ապրում է երեքգլխանի վիշապ, որն ամեն գիշեր դուրս է գալիս հիդրոէլեկտրակայանի նկուղից և ուտում օտարերկրացի կամավորներին։

Ծրագիրը, որը մենք իրականացնում ենք կոչվում է A.L.I.V.E, ինչը թարգմանվում է, որպես «ՈՂՋ»։ Ծրագրի շրջանակներում մենք կազմակերպում և իրականացնում ենք տարբեր աշխատարաններ նվիրված Հայաստանին, մեր երկրի մշակույթին ու ավանդույթներին, ինչպես նաև ռուսերեն լեզվի դասընթացներ, տեղի և շրջակա դպրոցներում Էրազմուս+ ծրագրին ուղղված թեմատիկ հանդիպումներ։

Անցած երկու աշխատարանները նվիրված էին Հայաստանի մասին ընդհանուր պատկերացումներին և Գյումրի քաղաքին՝ նրա մարդկանց ու ավանդույթներին։ Մեծ պատասխանատվություն ենք զգում մեր ազգը ներկայացնելիս, որովհետև կարևոր է ճիշտ մատուցել քո երկրի նիստուկացը այլ երկրում։

Օզալում մեծ է հետաքրքրվածությունը մեր աշխատարանների նկատմամբ, որովհետև շատերի համար Հայաստանը հեռվում գտնվող փոքր երկիր է, որի մասին տեղացիները շատ աղոտ պատկերացումներ ունեն։ Երբ ասում ենք Հայաստան, բոլորն ասում են Քարդաշյան, ինչը, համաձայեք, այդքան էլ համահունչ չէ այն Հայաստանի հետ, որը մենք փորձում ենք ներկայացնել։

Ազատ ժամանակը մենք օգտագործում ենք ճամփորդելով, փորձում ենք բացահայտել Խորվաթիայի գույներն ու երանգները, դառնալ տեղի մշակույթի մի մասնիկ, ինչը շատ կարևոր է օտար երկրում լիարժեք ապրելու համար։

Տպավորիչ է նաև մայրաքաղաք Զագրեբը, ուր մենք հաճախ այցելում ենք հանգստյան օրերին։ Այն տիպիկ եվրոպական մայրաքաղաք է՝ հազարավոր ասիացի տուրիստներով, մեծ խանութներով, փողոցներում ծվարած պատմությամբ։ Պետք է խոստովանել, որ երկու-երեք օրը չափազանց քիչ է ամբողջ Զագրեբը ճանաչելու համար, չնայած որ այն Երևանից էլ փոքր է։

Շատ հաճախ Խորվաթիան համեմատում ենք Հայաստանի հետ՝ զուգահեռներ տանելով երկու փոքր ազգերի, նրանց բաժին հասած պատմական ճակատագրերի, ավանդույթների և մարդկանց աշխարհընկալման միջև։

Օգտագործելով մեզ ընձեռնված այս հնարավորությունը, մենք ամեն ինչ անում ենք յուրաքանչյուր օրը ավելի ուսուցողական և հագեցած դարձնելու համար։

Հետևեք մեր հոդվածներին և բացահայտեք Խորվաթիան մեզ հետ միասին։

 

45624461_1971838106270085_6683723102674747392_o45739839_1359069424227815_7493370183667417088_n (1)45481188_1872386106202957_3967561526709059584_n45374057_1964065703713992_6109541032385314816_o