ԵՎՐՈՊԱՆ ՏԵՂԱՅԱՆՑՎՈՒՄ Է

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն շարունակելով իրականացնել «Erasmus+ Երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնի համակարգումը, տեղեկացնում է, որ Եվրամիության «Եվրոպան տեղայնացվում է» երկարաժամկետ ծրագրի շրջանակներում Արևելյան գործընկերության 4 երկրների համար՝ Հայստան, Վրաստան, Մոլդովա և Ադրբեջան, մինչև 2023 թվականի դեկտեմբեր ամիսն իրականացվելու է «Մենթորություն» խորագիրը կրող ծրագիրը:

Ծրագրի շրջանակներում ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնը, Խորվաթիայի և Լեհաստանի Էրազմուս+ի Ազգային Գործակալությունների հետ համատեղ, հունվարի 22-29-ը Խորվաթիայում ուսումնական այցով հյուրընկալեց վերոնշյալ երկրների պատվիրակություններին:

Հայաստանից ծրագրում ներգրավված են «Եվրոպան տեղայնացվում է» ծրագրի գործընկեր հանդիսացող Գյումրի, Արմավիր, Խոյ, Գավառ և Ալավերդի համայնքները:

Ուսումնական այցի հայկական պատվիրակության կազմում էին Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Թամարա Շառոյանը, Խոյի համայնքապետարանի արտաքին կապերի, զարգացման ծրագրերի, տուրիզմի, սպասարկման և գովազդի բաժնի պետ Անի Սարգսյանը, Գավառի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Հակոբ Սարգսյանը և Ալավերդու պետական քոլեջի դասախոս Տաթևիկ Մարտիրոսյանը:

«Մենթորության» ծրագրի նպատակն է համայնքապետարանների ներկայացուցիչներին զինել համապատասխան գիտելիքներով և փորձով՝ իրենց համայնքներում երիտասարդական աշխատանքի ռազմավարության մշակման, երիտասարդական ծրագրերի իրականացման և երիտասարդական աշխատանքի եվրոպական փորձի տեղայնացման նպատակով:

«Եվրոպան տեղայնացվում է» երկարաժամկետ (2021-2027թթ.) ծրագրի նպատակն է եվրոպական ընդգրկուն ցանցի ստեղծումը և միջազգային համագործակցության հաստատումը Եվրոպական միության ու Արևելյան գործընկերության երկրների համայնքապետարանների, տեղական երիտասարդական հասարակական, հովանոցային կազմակերպությունների և անհատ փորձագետների միջև:

«Մենթորություն» խորագիրը կրող ծրագիրը Հայաստանում համակարգում է «Erasmus+ Երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնը: